IRI-ի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Դանիել Թվինինգը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, անվտանգային միջավայրի և համավարակի վերաբերյալ վերջերս անցկացված հարցումների արդյունքներին և հավելել, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել նոր հարցումներ։

Դեսպան Լիլիթ Մակունցը կարևորել է կազմակերպության գործունեությունը, որի շնորհիվ հավելյալ հնարավորություն է ընձեռվում հասցեագրելու այն խնդիրները, որոնք արտահայտվում են քաղաքացիների կողմից հարցումների արդյունքում։

Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը և ընդգծել նրանում արտացոլված բարեփոխումների ոլորտները, մասնավորապես՝ դատաիրավական, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարում։

Related posts

Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան