Hürriyet. Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ

Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: Այս մասին գրել է թուրքական իշխանամերձ «Hurrriyet» թերթի կայքը:

Կայքը հավելել է, որ բացի դրանից մասնագետները հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար տեխնիկական աշխատանքներ են իրականացնում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտեցել, և երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022թ-ի ավարտը:

Լրատվամիջոցի դիտարկմամբ, այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մյուսի կարևոր հարցերից է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրումը:

Սակայն, ըստ աղբյուրի, այդ հարցում կան խնդիրներ: Մասնավորապես հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը կարիք ունի վերանորոգման:

Աղբյուրի փոխանցմամբ այդ հարցով շաբաթներ առաջ տեղի է ունեցել հանդիպում փորձագետների մակարդակով։ Սակայն այս առումով հստակ քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները:

Related posts

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ

ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան