COVID-19-ի պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը. ՄԻՊ զեկույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անգլրենով նոր արտահերթ զեկույց է հրապարակել։

«Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով:

Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տալիս «Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները COVID-19-ի մարդածին աղետի համատեքստում»:
Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաեւ Հայաստանում մահվան թվերի աճին:

Այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի արագ տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով:

Այսպիսով, մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59287:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:

Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։

Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին», – նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ