BBC-ի լրագրողը չի կարողացել զսպել արցունքները՝ տեսնելով Գազայի հիվանդանոցում տիրող իրավիճակը

BBC-ի լրագրողը չի կարողացել զսպել արցունքները՝ Իսրայելի ավիահարվածների տակ գտնվող Գազայի հատվածի «Ալ Շիֆա» հիվանդանոցից ռեպորտաժ վարելու ընթացքում, գրում է Daily Mail-ը:

Tert.am-ի փոխանցմամբ, BBC Arabic-ի լրագրող Ադնան էլ Բուրշը, ի վիճակի չլինելով զսպել հուզմունքը, ծնկի է իջել, հանել ակնոցն ու արտասվել: Տղամարդու խոսքով՝ ինքը տեսել է այնպիսի բաներ, որոնք այլևս չի կարող ջնջել:

Էլ Բուրշը, նրա օպերատոր Մահմուդ ալ Աջրամին, որը ևս արտասվել է, տեղեկացել են, որ իրենց ընկերները, բարեկամներն ու հարևանները վիրավորների ու զոհերի մեջ են:

Լրագրողի խոսքով՝ հիվանդանոցում և շենքից դուրս դիերն ամենուր են: Միջանցքներում հարյուրավոր ծանր վիրավորներ են:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Գազայի հատվածի հյուսիսից մարդկանց` 24 ժամում հեռանալու վերաբերյալ Իսրայելի հրամանն անիրագործելի է. 1,1 միլիոն մարդ 24 ժամում  չի կարող լքել տները։ ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին հետ կանչել հրամանը՝ ընդգծելով, դա կհանգեցնի աղետի:

ՄԱԿ-ն ընդգծել է, որ Իսրայելի հրամանը վերաբերում է բոլորին, ներառյալ մարդկանց, որոնք ապաստան են ստացել ՄԱԿ-ի հաստատություններում, ինչպիսիք են դպրոցները և առողջապահական կենտրոնները:

Իրավիճակը բարդացրել է ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարման ներքո գտնվող Գազայի ՆԳՆ-ի պատասխանը։ Այն կոչ է անում մարդկանց չլքել տները, չարձագանքել Իսրայելի հրամանին՝ այն անվանելով «հոգեբանական պատերազմ», մինչդեռ իսրայելցիներն պաղեստինցիներին ասում են՝ «հեռացեք՝ կյանքներդ փրկելու համար»:

Տարածքի խաղաղ բնակիչները հայտնվել են մի իրավիճակում, երբ Իսրայելը մի կողմից զգուշացնում է, որ ցամաքային հարձակում է նախապատրաստում Գազայի հատվածում, իսկ մյուս կողմից՝ ՀԱՄԱՍ-ը կոչ է անում մարդկանց անտեսել այն:


 

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին