82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող տուն և նրա թույլտվությամբ մտել ներս: Տանը գտնվելու ընթացքում, տարեց կնոջը պատկանող գույքը հափշտակելու նպատակով, 44-ամյա տղամարդը հարձակվել է վերջինիս վրա և նախապես իր հետ վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կզակին, պարանոցին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև 44-ամյա տղամարդը հափշտակել է տարեց կնոջը պատկանող 60.000 ՀՀ դրամը և հեռացել:

Բացի այդ, 44-ամյա տղամարդը  ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող՝ գործարանային արտադրության 2 հատ՝ 5,45 մմ /5,45 x 39 և  9 մմ / 9 x 18 տրամաչափի փամփուշտ, դրանք ապօրինի պահել իր մոտ, որոնք հայտնաբերվել են  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ նրա անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ

Երևանի թիվ 22 ավտոբուսի վարորդը, ըստ նախնական գնահատականի, մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը