Առաջիկայում ԱՄԷ-ի հետ կձևավորվի միջխորհրդարանական բարեկամության խումբ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների  ժամանակավոր հավատարմատար  Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:

Ողջույնի խոսքից հետո  ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության  զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտեց, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից ևս նմանատիպ խմբի ձևավորում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստեց Հայաստանի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության կարևորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծեց  համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին մտքեր  փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ» համաշխարհային  ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:

Related posts

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ

Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբ