71-ամյա տղամարդը հարևանին մահացու վնասվածք է հասցրել

2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 16:21-ին, «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վեդի համայնքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարության հետևանքով ստացած կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ:
«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու մարմնական վնասվածք ստանալու էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի 71-ամյա հարևանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, շենքի բակում երկու հարևաններն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում 71-ամյա տղամարդը դանակով հարվածել է 62-ամյա հարևանին՝ որովայնի շրջանում պատճառելով կտրած-ծակած թափանցող երկու վերքի տեսքով մարմնական վնասվածքներ՝ սուր ներքին արյունահոսությամբ։
Բժշկական կենտրոնում տուժողը ենթարկվել է վիրահատության, որից ժամեր անց, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 71-ամյա տղամարդը ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։ Ձերբակալված անձի բնակարանի զննության արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 71-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան