36-ամյա կինը կալանավորվել է իր հետ համատեղ բնակվող կնոջ նկատմամբ ավազակություն կատարած անձանց օժանդակելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձրակման դեպքի էական հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված երկու երիտասարդ, որպես աղջիկ ներկայանալով, մուտք են գործել իր բնակարան և ծոծրակին հարվածելով՝ իրեն կողպել են սենյակում և հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսը, 720.000 ՀՀ դրամ, 350 եվրո և 400 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած 3 անձանց ինքնությունը, ովքեր Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են՝ 1995 և 2001 թվականներին ծնված տղամարդիկ և 1987թ. ծնված մի կին, ով 1995թ․ ծնված տղամարդու քույրն է, տուժողի հետ բնակվում է Երևանի նույն բնակարանում և, քննության տվյալներով, օժանդակել է հանցակիցներին:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից անմիջապես հետո ենթադրյալ հանցագործություն կատարած երկու տղամարդիկ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով հատել են ՀՀ պետական սահմանը և Երևան-Մոսկվա չվերթով մեկնել ՀՀ-ից։ Իսկ նրանց հանցավոր արարքին առերևույթ օժանդակած կինը ձերբակալվել է:

Նշված տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ կնոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ