«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ասված է.

«Նախարարները.

1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:

2. Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։

3. Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։

4. Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը:

5. Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:

6. Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները:

7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար:

8. Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լավ ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով»:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ