2021 թվականի նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուի, դիրքի ավագի և դիտորդի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում:

Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՔԿ

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում