17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ. դատախազը գործն ուղարկել է դատարան

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և վարորդական վկայականում նոր կարգ ավելացնելու նպատակով՝ քաղաքացի Գ.Գ.-ին տվել են 70 հազարից մինչև 300 հազար ՀՀ դրամ: Գ.Գ.-ն, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառք տալ որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր առմամբ 5 մլն 931 հազար դրամ:

Դատախազը 2023 թվականի հունիսի 14-ին և 16-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ 17 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալու փորձը):

Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2023 թվականի հունիսի 24-ին՝ Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը) (25 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու դրդչության փորձ) (24 դրվագ) և 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձ) (1 դրվագ): Դատախազը 2023 թվականի հուլիսի 4-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում