1-4-րդ դասարանների ուսուցիչների համար շաբաթական դասավանդման ժամերը 1 դրույքի համար կլինեն 18, 5-12-րդ դասարաններում՝ 20 ժամ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի Ն 201-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է վերանայել դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը:

«Կառավարության ծրագրի և կրթության ռազմավարության կարևորագույն թիրախ է հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումը, որն արդեն մենք տևական ժամանակ է՝ նախապատրաստում, փորձարկում ենք, և այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ սկսել ենք հանրակրթության նոր պետական չափորոշչի փուլային ներդրումը բոլոր դպրոցներում»,- Կառավարության՝ հոկտեմբերի 5-ի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ նոր չափորոշիչը մի շարք նոր պահանջներ է առաջադրում ուսուցիչներին, որոնք կապված են գնահատման համակարգի փոփոխությունների, դասի պլանավորման և անցկացման, որակական նոր պահանջների հետ, ինչպես նաև կրթական մեթոդների բազմազանեցման, երկարօրյա հավելյալ դասընթացների կազմակերպման և մի շարք այլ նոր խնդիրների հետ, որոնք առաջին հերթին միտված են բարձրացնելու կրթության որակը մեր դպրոցներում:

«Ըստ այդմ` անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա: Ներկայումս ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ, ինչը պրակտիկորեն թույլ չի տալիս նշված խնդիրները լուծել: Պետք է հաշվի առնել, որ հանրակրթության նոր պետական չափորոշչով տարրական դասարաններում միավորային գնահատման համակարգը չի գործում, և ուսուցիչները զգալի ժամանակ պետք է հատկացնեն ձևավորվող գնահատման մեթոդներով սովորողների հետ աշխատելու համար: Նախագծով առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար շաբաթական դասավանդման ժամերը սահմանել 1 դրույքի համար 18 ժամ, 5-12-րդ դասարաններում՝ 20 ժամ: Սա կհանգեցնի տարրական դասարանների ուսուցիչների 1 դրույքի վարձատրության, ըստ էության, 20 տոկոս աճին, 5-12-րդ դասարաններում՝ 10 տոկոս աճին: Այս փոփոխությանն առաջարկվում է գնալ փուլային տարբերակով՝ հանրային պետական չափորոշչի ներդրման գործընթացին զուգընթաց»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերից նման ձևաչափով արդեն կարգավորվում են 2-րդ 5-րդ, 7-րդ դասարանների դասավանդման գործընթացները, մյուս ուսումնական տարվանից կավելանա ևս 4 դասարան, և մյուս տարում՝ մյուս դասարանները:

«Այս նախագծի ընդունումը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը, քանի որ մանկավարժական տեսանկյունից շաբաթական դասավանդման ժամերը, ինչպես հիմնավորված է տեսությամբ և հետազոտություններով, չպետք է գերազանցեն 20 ժամը»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ նույն նախագծով կարգավորվում է արտադպրոցական հաստատություններում մանկավարժների միասնական աշխատաժամանակի խնդիրը: «Ըստ այդմ՝ առաջարկվում է արտադպրոցական հաստատություններում կիրառել շաբաթական 20 ժամ դասավանդելու սկզբունքը և այս դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով, որ սրանից բխող ֆինանսական հետևանքներ կան և որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որ համայնքներն իրականացնեն համապատասխան փոփոխությունները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում