«Օրենքով գողը» խոչընդոտել է ընտրական իրավունքի իրականացումը․ կատարվում է նախաքննություն

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել փաստական տվյալներ, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը մայիսի 1-ին Գորիսում գտնվող իր տանը մի խումբ անձանցից, այդ թվում՝ 49-ամյա համաքաղաքացուց, պահանջել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, հանցագործություն կատարելու կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելու, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով, հարկադրել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին չընտրել կուսակցություններից մեկին՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Փաստի վերաբերյալ Քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող համապատասխան տվյալներ, այդ թվում՝ ձայնագրություններ։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։  Գորիսի բնակիչ 53-ամյա և 49-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա Արտեմ Դոռունցի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը

Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր