Քրեական վարույթ՝ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած սադրանքի և դրա հետևանքով ՀՀ ԶՈՒ կրած մարդկային կորուստների դեպքի առթիվ

2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։50-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր զինատեսակներից տևականորեն հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու՝ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական մի քանի դիրքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Դրանց հետևանքով նույն զորամասի զինծառայողներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը և Վաչագան Սարոյի Վարդանյանը մահացել են, կան նաև վիրավորներ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով:
Ձևավորվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային միջոցառումներ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կատարված հանցավոր արարքներին վերջնական և լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ