Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է, այդ թվում՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ն և «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի»-ն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը կալանավորվել են:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ:

Նշված խմբավորման անդամները, ստանալով և կատարելով Սուրեն Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված խուզարկությամբ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանի բնակարանին կից ինքնակամ կառուցված, Վարոսյան եղբայրների համար որպես գրասենյակ ծառայող շինությունում հայտնաբերվել է կանեփի 10 թուփ՝ աճեցված երկու ծաղկամանի մեջ, թվային կշեռք, ավելի քան 100 գրամ «Մարիխուանայի» նմանվող դեղնականաչավուն զանգված, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0,37 գրամ կապույտ գույնի և 0,71 գրամ քաշով սպիտակ գույնի զանգված:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածներով, ինչպես նաև՝ «Բերետա» տեսակի ատրճանակով և 8 փամփուշտով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար

Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Վահագն Ալեքսանյան

Ֆրանսիական ընկերության կողմից իբրև թե Հայաստան տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄ նախարարություն