Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրով նախատեսված՝ 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի ընթացքում մինչ օրս իրականացված միջոցառումները և բարեփոխումները։

Մանրամասներ են ներկայացվել ռազմավարական ծրագրի գերակայությունների, ՆԳՆ ձևավորմամբ կառավարման մոդելի նվաճումների վերաբերյալ, այդ թվում՝ ընդգծվել է ՆԳՆ մեկ միասնական կրթահամալիրի, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Ոստիկանական 4 հենասյուների, ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորումը, հանրային ծառայությունների զտումը և տեղափոխումը ՆԳՆ տիրույթ: Մանրամասներ են ներկայացվել նաև բարեփոխումների շրջանակում մարդկային ռեսուրսների կառավարման, բարեվարքության ամրապնդման, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման, ոստիկանության գվարդիայի գործարկման, պարեկային ծառայության, քրեական ոստիկանության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: ՆԳ նախարարը նշել է, որ ծառայություններում աշխատանքի անցնելու համար պարտադիր մուտքային պահանջ է սահմանվել բազային կրթությունը: Աշխատանքներ են իրականացվել նաև ատեստավորման համակարգի կատարելագործման և կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանցագործությունների թվի նվազում 3,2%-ով:

Օրակարգի շրջանակում առաջարկներ են ներկայացվել նաև քննչական գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու դիրքորոշումները կատարված աշխատանքների վերաբերյալ: Տարբեր առաջարկություններ են ներկայացվել՝ ուղղված համայնքային ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների արդյունավետության հետագա բարձրացման, նոր մոտեցումների ներդրման և ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների առավել արդյունավետ իրագործմանն ուղղված աշխատանքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հաշվի առնելով խորհրդի նիստի շրջանակում ծավալված քննարկումները, վերհանել բարձրացված հարցերը, իրականացնել խորքային վերլուծություններ և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել