Քանաքեռում կատարված աղմկահարույց սպանությունների դեպքով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, մայիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկում հայտնաբերել ու քրեական ՔՈԳՎ բերման են ենթարկել առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա մի տղամարդու։

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա դեկտեմբերին՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2:45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր էին ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։

Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը մահացել էին։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել էին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերել էին 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, նաև՝ 43-ամյա Արթուր Ղազարյանի (քրեական աշխարհում հայտնի է Քանաքեռցի Տույ մականունով) ու 37-ամյա Արայիկ Խաչատրյանի դիերը։

Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը