Քաղաքացիները կկարողանան ևս 1 տարի առանց ԱԱՀ վճարելու ներմուծել և օտարել էլեկտրական շարժիչով մեքենաներ

Հայաստան էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներմուծելու և օտարելու համար սահմանված արտոնյալ պայմանները կգործեն ևս մեկ տարի, արտոնության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025-ի հունվարի 1-ը:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ: Ներկայումս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև 2024թ. հունվարի 1-ը: Նախագծով առաջարկվում է այդ արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025թ. հունվարի 1-ը»,-ասաց փոխնախարարը:

ԱԱՀ-ից (ավելացված արժեքի հարկ) և մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները:

2022-ին ներմուծվել է 2681 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, ինչը 2021-ի համեմատ աճել է 42.3 տոկոսով: Իսկ արդեն 2023-ի հունվար-նոյեմբերին ներմուծումը երրորդ երկրներից կազմել է մոտ 4496 միավոր, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան