Փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան տեղափոխել կոկաինի առանձնապես խոշոր խմբաքանակ. ՊԵԿ

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Մասնավորապես, օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան Պաուլո – Փարիզ – Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը կոկաին տեսակի թմրամիջոց է տեղափոխում:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիալիայի քաղաքացի Լ․Պ.-ն։ Ունենալով կասկածներ, որ քաղաքացին հնարավոր է մարմնում թաքցնում է թմրամիջոցներ՝ ենթարկվել է տեսազննության: Արդյունքում՝ նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության և ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից Բրազիալիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում: Հայտնաբերվել է կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձև պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է 300 հազար ԱՄՆ դոլարը։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով և հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիլիայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետև` կալանավորվել։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ. Լևոն Ազիզյան

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ