Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Հունիսի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Փարիզի Ռազմական ակադեմիայի (École de Guerre) տնօրեն, գեներալ Վենսան Բրետոնի հետ։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում գեներալ Բրետոնը ներկայացրել է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատության առաքելությունը, կրթական ծրագրերը և միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ այս տարի ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ զինված ուժերի առաջին ներկայացուցիչը, ինչը կարևոր քայլ է երկու երկրների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից։ Նշվել է նաև, որ ընթացիկ տարում ակադեմիայում վերապատրաստում է անցնում Հայաստանից ևս մեկ սպա։

Դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն նոր որակ է ստացել մայիսի 4-5-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցից հետո, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։

Նա բարձր է գնահատել ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և փորձի փոխանակման նշանակությունը երկու երկրների պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման գործում։ Կողմերը մտքեր են փոխանակել նշված ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների շուրջ։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերին։

Related posts

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան

ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը