Փարիզը ջանքեր է գործադրում, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը մշտական կարգավիճակ ստանա. Կոլոննա

Դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի արգելափակումն անթույլատրելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան երկրի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելին ուղղված պատասխան նամակում:

«Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերացնել տեղաշարժի սահմանափակումները և Ադրբեջանին հիշեցրել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների երթևեկության և երկու ուղղություններով ապրանքների առաքման անվտանգությունն ապահովելու վերաբերյալ իր պարտավորությունների մասին։

Ինչպես հայտնի է, նույն եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Այնտեղ չկա ո՛չ Ֆրանսիա, ո՛չ Եվրամիություն, ո՛չ ՄԱԿ։ Հարկ է նշել, որ այսօր Ռուսաստանը նախկինի պես չի կարող կամ չի ցանկանում տրամադրել իր վրա դրված անվտանգության երաշխիքները։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիան հանդես է եկել Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությամբ։

Կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, այդ հանդիպմանը հաջորդել է Անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ է տվել նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ հասանելիության մասին», – նշված է Կոլոննայի նամակում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրել է նաև, որ Փարիզը մշտական կապի մեջ է իր եվրոպացի և ամերիկյան գործընկերների, ինչպես նաև կողմերի հետ՝ խնդրի շուտափույթ կարգավորման հասնելու համար:

Կոլոննան նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը մշտական կարգավիճակ ստանա: Ֆրանսիայի ԱԳՆ տվյալներով՝ այդ առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել լարվածությունն Ադրբեջանի հետ սահմանին և դարձել է վստահության ամրապնդման կարևոր միջոց Երևանի և Բաքվի շարունակվող բանակցություններին աջակցելու համար:

«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից Հայաստան է պատվիրակվել գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի, երբ ԵՄ 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ իր արժեքներին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան, ինչպես որ ավելի քան երեք տասնամյակ, շարունակում է անխոնջ աշխատել հանուն արդար և հարատև խաղաղության Կովկասում, որից առաջին հերթին կշահի հայ ժողովուրդը»,- եզրափակել է Կոլոննան։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան