Փաշինյանն Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ։

Փոխադարձաբար համաձայնվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար։

Related posts

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը