ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։
«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը»,- գրել է փաստաբանը:
Դատախազությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ:
«Միաժամանակ, Գլխավոր դատախազությունից մեկնաբանեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ:
Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ»,- ասացին Դատախազությունից: