Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Քրեական ոստիկանության բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոր Հաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ և դրանք տեղադրելով` իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։

«Օպերատիվ տվյալն իրացվեց սեպտեմբերի 19-ին: Ժամը 13.30-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Օպել»-ով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի մեկ և 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի վեց փաթեթ։

Նա հայտնեց, որ կրիստալի վեց փաթեթները ձեռք է բերել «Տելեգրամյան» կայքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ և սպիտակ կպչուն ժապավեններով, ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ և այլն։

42-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին