«ՏիկՏոկ»-ի էջով խաբեությամբ աղջնակից պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, հետո՝ գումար պահանջել աղջկա հորից․ ՔԿ

2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը, 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով իր 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ, կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և այն հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տասնչորս տարին չլրացած՝ 26.01.2009թ. ծնված աղջնակի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ, պարբերաբար՝ 2021թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, կատարել է անառակաբարո գործողություններ:

Մասնավորապես՝ տղամարդը, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված էջով, հիշյալ ժամանակահատվածում՝ օրվա տարբեր ժամերին, խաբեությամբ աղջնակից պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը լուսանկարահանել ու տեսանկարահանել և ուղարկել իրեն. երեխան կատարել է իրենց պահանջվածը, որից հետո իր կիսամերկ լուսանկարներն ու կատարված տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել է տղամարդուն:

Վերջինս, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, աղջնակի հորից պահանջել է գումար, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված իր էջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, իսկ պահանջած գումարն ստանալուց հետո ջնջել է հրապարակումը։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։ 12-ամյա աղջնակը և վերջինիս հայրը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Ձեռնարկված քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ շորթում և անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում