Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Հայտնագործություն չեմ անի, եթե արձանագրեմ, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանում նկատվում է հիբրիդային հարձակումների համատեքստում ապատեղեկատվական արշավների աճ։ Խոսքը սովորական քաղաքական բանավեճի կամ նախընտրական հռետորաբանության մասին չէ, այլ՝ կազմակերպված ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, որոնց նպատակը պետական ինստիտուտների, ընտրական գործընթացի և երկրի ռազմավարական առաջնահերթությունների նկատմամբ վստահության համակարգային թուլացումն է։

Նման միջամտությունները հատկապես ակտիվանում են նախընտրական շրջանում՝ փորձելով շփոթեցնել ընտրողներին, նվազեցնել մասնակցությունը և ընդգծել հասարակական բաժանարար գծերը։ Նույնիսկ փոքր, ժամանակին չչեզոքացված մանիպուլյացիաները կարող են կուտակային ազդեցություն ունենալ հանրային վստահության և ընտրությունների արդյունքների ընկալման վրա՝ կասկած հարուցելով ընտրությունների լեգիտիմության նկատմամբ։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործնականում ապատեղեկատվական շղթան հաճախ սկսվում է քիչ հայտնի կայքերից կամ անանուն հարթակներից։ Այնուհետև նույն բովանդակությունը համակարգված կերպով տարածվում է սոցիալական մեդիայի և Telegram ալիքների միջոցով։ Նպատակը ոչ այնքան համոզելն է, որքան տեղեկատվական դաշտում արհեստական տեսանելիություն ապահովելը՝ ալգորիթմների մանիպուլյացիայի, կեղծ կոնսենսուսի ստեղծման և օտարածին օրակարգի ուղղորդման միջոցով։

Հետագայում նույն պատմությունները ներթափանցում են հայկական մեդիա տիրույթ՝ ներկայացվելով որպես «վստահելի աղբյուրներ»։ Այս փուլում մեդիայի դերը դառնում է բեկումնային․ հրապարակումից առաջ տեղեկատվության ստուգման կամ չստուգման հանձնառությունը կարող է կանխորոշել՝ կեղծ լուրը կդադարի տարածվել, թե՞ առավել կընդլայնվի տարածումը՝ ստանալով «ինստիտուցիոնալ լեգիտիմություն» և ազդելով հանրային ընկալումների վրա։

Վերջին շրջանում ակնառու են դառնում նաև կոորդինացված կեղծ կամ անանուն հաշիվների ցանցերը, որոնք նույն հաղորդագրությունները հրապարակում են նույն ժամին, արհեստականորեն բարձրացնում ներգրավվածության ցուցանիշները և առաջ մղում քաղաքականապես զգայուն բովանդակություն։ Կոորդինացված բոտային ցանցեր՝ ինչպիսին են Matryoshka-ն, Storm-ը և DragonBridge-ը, համաժամանակյա կերպով տարածում են նույն նարատիվները X (Թվիթեր) հարթակում՝ ձևավորելով լայն հասարակական աջակցության կեղծ պատրանք։ Սա տեղեկատվական միջավայրի վրա ճնշման ձև է, որի նպատակը հասարակական տրամադրությունների խեղաթյուրումն ու ճգնաժամային մթնոլորտի պատրանքի ձևավորումն է։

Նոր մարտահրավերների շարքում նկատելի աճ է նաև գրանցվում արհեստական բանականության կիրառումը՝ AI-ով գեներացված տեքստեր, մանիպուլյացված ձայնագրություններ, կեղծ տեսանյութեր և հորինված «փաստաթղթեր»։ Այս զարգացումները փոխում են սպառնալիքների բնույթը՝ դարձնելով դրանք առավել արագ, մասշտաբային և դժվար կանխատեսելի։ Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել, այլ նաև զարգացնել կանխարգելիչ կարողություններ՝ տեխնոլոգիական, վերլուծական և իրավական մակարդակներում։ Վստահաբար այս գործողությունների իրական թիրախը որևէ առանձին քաղաքական ուժ չէ։ Թիրախը ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունն է, պետական ինստիտուտների հեղինակությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ապատեղեկատվական նարատիվները, եթե չեզոքացվեն ուշ կամ ոչ ամբողջական, կարող են նվազեցնել ընտրություններում մասնակցությունը և երկարաժամկետ հեռանկարում թուլացնել պետության կայունությունը։

Հայաստանի համար տեղեկատվական դիմադրողականությունը վերացական հասկացություն չէ։ Այն ինքնիշխանության, ժողովրդավարության, պետական կայունության եւ լեգիտիմության պահպանման կարևոր նախապայման է։ Հրամայական է դառնում տեղեկատվական դիմադրողականությունը որպես ազգային անվտանգության լիարժեք բաղադրիչ արձանագրելը։ Քանզի հիբրիդային սպառնալիքները՝ ապատեղեկատվություն, կիբեր գործողություններ, կոորդինացված տեղեկատվական մանիպուլյացիա, ուղղված են ներսից թուլացնելուն, հասարակությունը բաժանելուն և ռազմավարական որոշումների նկատմամբ վստահությունը խարխլելուն։

Աներկբա է, որ թափանցիկությունը, փաստերի ստուգման մշակույթը, մեդիա գրագիտության ծրագրերը, պատասխանատու լրագրությունը և ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը ոչ միայն ժողովրդավարական արժեքներ են, այլ ազգային անվտանգության ամրապնդման կարևոր գործոն են մեր օրերում։

Եվ այստեղ է, որ բոլորիս ջանքերը պետք է մեկտեղվեն։

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել