Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը. Փաշինյան

«Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագության ձևաչափով գործընթացի վերականգնման տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը և լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունն օտարեկրյա և տեղական ներդրողների համար:

Վարչապետը տեղեկացրեց, որ տարածաշրջանային ենթակառուցվածքային զարգացումներին զուգահեռ հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022-ին ծախսվելու է 32 տոկոսվ ավելի գումար, քան 2021-ին՝ հասցնելով այս ուղղությամբ կատարվելիք ծախսերը ավելի քան 278 մլրդ դրամի:

«Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել և կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է բարձրացնեն ջրի մատակարարման ծավալը և որակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեկնարկելու են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի արդեն սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները:

Ուշադրություն է դարձվելու նաև խմելու ջրի որակի բարելավմանը:

«35 տոկոսով աճելու է խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը՝ հասցնելով 11.5 մլրդ դրամի»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր