Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա» լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը։ Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է:

«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց հետո փաստացի շրջափակված երկիր է: Դիտարկվում են տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով: Միաժամանակ լուծվում են խնդիրներ՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան կամ Նախիջևանի տարածքով Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան երթևեկության մեկնարկի հետ: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները Կասպից ծովում Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Ըստ նրա՝ Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, այլև կկարողանա իր սեփական արտադրությունը ծավալել, քանի որ նոր իրացման շուկաներ մուտք գործելու հնարավորություն կլինի, և երկրից արտադրանք արտահանելու սահմանափակող գործոնները կմնան անցյալում:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին