Թբիլիսիում ձերբակալվել է «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ «Էլիսաշվիլիի ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է»,-այս մասին հայտնել է նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։ Վերջինիս խոսքով՝ քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի ՆԳՆ գլխավոր գրասենյակ։ Գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին Ալեկո Էլիսաշվիլին մասնակցել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիային։ Նա նաև հետաքննվում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Վրացական երազանք» կուսակցության համահիմնադիր Ալի Բաբաևի ծեծի գործով։ Ալեկո Էլիսաշվիլին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում է անձի նկատմամբ բռնի հետապնդման մեջ՝ կապված նրա քաղաքական գործունեության հետ։ Նշվում է, որ եթե Էլիսաշվիլին մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։Նախօրեին Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունները կասեցնելու որոշման մեկ տարվա առթիվ Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով տեղի է ունեցել վրացական ընդդիմության և ՀԿ-ների ներկայացուցիչների երթ։Բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ՝ հավաքվելով մայրաքաղաքի մի քանի վայրերում: Նրանք շարժվել են կենտրոնական պողոտայով և ուղղվել դեպի Վրաստանի խորհրդարան: Ցուցարարները ձեռքերում պահել են Վրաստանի և ԵՄ դրոշներ: Երթին մասնակցել են ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, ընդդիմության կողմնակիցներ և շարքային քաղաքացիներ։Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախորդ տարվա նոյեմբերի 28-ին հայտարարեց ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը կասեցնելու իր որոշման մասին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Վրաստանի մայրաքաղաքում պարբերաբար տեղի են ունենում կառավարության դեմ բողոքի ցույցեր։ Այդուհանդերձ վերջերս դրանց թիվը նվազել է՝ իշխանությունների կողմից ցույցեր անցկացնելու կանոնների վերաբերյալ ընդունված խիստ օրենքների պատճառով։