Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին անդրադարձել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանն ու տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ քննարկումներին։
Վարչապետի խոսքով՝ 2024 թվականի փետրվարին ինքը մասնակցել է ԱՄՆ Կրոնական ազատությունների գագաթաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին, ինչը մեծ տպավորություն է թողել իր վրա․ «Ես ցնցված էի այդ միջոցառման ամեն ինչով… կարևորությամբ ու պարզությամբ, ազատությամբ, կարգապահությամբ և հոգևոր բովանդակությամբ, որը արտահայտվում է աշխարհիկ ձևով… Եվ այնտեղից վերադառնալիս ինձ մի հարց էր միայն տանջում․ իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում չկա այս ձևաչափը»։
Վարչապետն ընդգծել է, որ այդ ձևաչափը մի հարթակ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։
Վարչապետը պարզաբանել է, որ ԱՄՆ այցը նվիրված է եղել միայն Ազգային աղոթքի նախաճաշին, և որևէ պաշտոնական հանդիպում նախապես պլանավորված չի եղել։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ում ադմինիստրացիայի փոփոխության շրջանը, հնարավոր է եղել Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ․
«Դժվարությամբ հնարավոր եղավ հանդիպել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ… բառիս ֆիզիկական իմաստով, որովհետև այդ հանդիպման ժամանակ… շատ քչերն են Սպիտակ տունը տեսել այդ իրավիճակում, երբ իրերի դասավորության, վերադասավորության, արկղերի փաթեթները բացելու և փակելու պրոցեսի մեջ էր»։
Հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերներին հետաքրքրել է, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը։
«Իմ արձագանքը հետևյալն էր, որ ես չեմ կարող ասել՝ որքանով է իրատեսական խաղաղությունը, բայց ես կարող եմ ասել, որ ես հավատում եմ խաղաղությանը»,-ասել է նա։
Վարչապետը նշել է, որ այդ խոսակցությունը հետագայում շատ կարևոր ազդեցություն է ունեցել իրադարձությունների զարգացման վրա։