Վրաստանում առգրավվել են դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր. Պետական ​​անվտանգության ծառայություն

Վրաստանում առգրավվել են հոկտեմբերի 4-ի դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր, հայտնել է երկրի պետական ​​անվտանգության ծառայությունը։

Ծառայությունից նշում են, որ Թբիլիսիում զենքի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ դիվերսիա էր պլանավորվել նախագահական նստավայրի գրավման փորձին զուգահեռ։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ Վրաստանում չեզոքացվել են այն անձինք, որոնք պետք է զենք և պայթուցիկ նյութեր հասցնեին Թբիլիսիի կենտրոն՝ դիվերսիայի համար։

Նշենք նաև, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այսօր և առաջիկա օրերին կայանալիք ցանկացած հավաք երեկվա իշխանությունը տապալելու փորձի և անկարգությունների շարունակությունն է։

Որոշ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներ հայտարարել են կիրակի օրը՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիում կառավարության դեմ բողոքի ցույց անցկացնելու մասին։ Նախորդ՝ ընտրության օրը, ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական պալատ՝ այդպիսով սկսելով «իշխանության փոխանցումը ժողովրդին»։ Իրավապահ մարմինները ցուցարարների դեմ օգտագործել են հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ։

«Մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքները կանխելու համար», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է ընդդիմադիր 5 գործչի ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջման ու իշխանության տապալման կոչերի համար:
Նախարարության տվյալով՝ ձերբակալվածներն են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորագրության մեջ նշվում է, որ նրանց կարող է սպառնալ մինչև 9 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք նաև՝ Թբիլիսիում ընդդիմադիրների միտինգն սկսվել էր շաբաթ երեկոյան՝ Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրության օրը:

Ընտրապայքարին մասնակցել է 12 կուսակցություն, 7 հազարից ավելի թեկնածուով:

Ընդդիմադիր 8 կուսակցություն բոյկոտել է ընտրությունը:

Սկզբում ցուցարարները հավաքվել էին Ազատության հրապարակում, ապա նրանց որոշ մասը շարժվել էր դեպի երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու նստավայր:

Իրավապահները Վրաստանի նախագահի նստավայր ներխուժած ակցիայի մասնակիցների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից