Վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական դաշինքի մտադրությունները. Վիկտոր Բիյագովի ելույթը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:

Վիկտոր Բիյագովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները:

ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում:

«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունն ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքով արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ և ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել և չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները», – նշեց ՀՀ ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձավ նաև այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։

«Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը», – ասել է նա։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին