Վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

Նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։

Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։

Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»:

Related posts

Գյումրիում ստեղծված ծրագրերը՝ աշխարհի տարբեր երկրներում

Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած