Վերահաստատում ենք Հունաստան-Կիպրոս-Հայաստան գագաթնաժողովն առաջիկայում Երևանում հյուրընկալելու մեր պատրաստակամությունը. Փաշինյանը՝ Միցոտակիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Հունաստանի Հանրապետության համապետական ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ:

Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը երկարամյա նվիրված գործունեության արդյունքների լավագույն գնահատականն է: Համոզված եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնավարումը կրկին աչքի կընկնի Ձեզ բնորոշ եռանդով և նախանշված նպատակ¬ներն իրագործելու հաստատակամությամբ:

Հարգելի պարոն Միցոտակիս,

Վստահ եմ՝ հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների, ինչպես նաև ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա խարսխված երկկողմ գերազանց համագործակցությունն առաջիկայում նոր զարկ կստանա:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել Ձեզ, Հունաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը, ինչպես նաև եղբայրական հույն ժողովրդին մեր երկրի համար դժվարին պահերին վերստին հայ ժողովրդի կողքին լինելու և անվերապահ զորակցության համար:

Միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ մեր համահունչ մոտեցումները մեզ ուղղորդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների միջև: Հայաստանը հանձնառու է ընդլայնել և խորացնել գործընկերությունը Հունաստանի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս առումով վերստին հաստատում ենք Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ գագաթնաժողովն առաջիկայում Երևանում հյուրընկալելու մեր պատրաստակամությունը:

Մեծարգո պարոն վարչապետ, օգտագործելով այս առիթը, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան