Վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Մասնավորապես՝ Մ.Ղ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2013-2016 թվականներին, առանց կատարված գործարքների վերաբերյալ դուրս գրված հաշիվների, մեկ այլ կազմակերպության հաշվին փոխանցել է ընդհանուր 2 միլիարդ դրամ, որի հետևանքով ընդհանուր 400 միլիոն դրամ շահութահարկի գումար չվճարելու նպատակով՝ նվազեցրել է հարկվող շահույթը և հարկային մարմին ներկայացված՝ 2013, 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի հունիսի 23-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մ.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը):

Նախաքննության փուլում Մ.Ղ.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 400 միլիոն դրամ վնասը:

2025 թվականի հունիսի 23-ին դատախազի սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Մ.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ ոչ արդարացնող հիմքով»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ․ Թրամփ

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել շինարարական աշխատանքներին

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը