Վարչապետ Փաշինյանի ելույթը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքների մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքներին:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Երեկ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը վերականգնել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը: Բայց երկու ժամ անց կրկին փակել է գազատարը:

Հիշեցնեմ, որ նախորդ անգամ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին: 2023 թվականի հունվարի 9-ից արգելափակված է Լեռնային Ղարաբաղի էլեկտրական հոսանքի մատակարարումը:

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում: Սա, ըստ էության, անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը:

Եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում մեր այս պնդմանը, հիմա ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Պատահական չէ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել: Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 18-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին:

Այս ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա, և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն՝ առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ. ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը չվերակերպվի պատերազմի արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա: Սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն:

Հարգելի գործընկերներ,

Կրկին արտահայտում եմ՝ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, ահա, այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ինչպես նախկինում բազմից ասել եմ, ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն: Շնորհակալություն»:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան