Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ վարչապետը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և արտահայտում է Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Մեր երկրների միջև գոյություն ունի և ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն, և ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պատերազմի առաջին իսկ օրվանից նախագահ Մակրոնի, արտգործնախարար Լը Դրիանի ցուցաբերած անձնական ներգրավվածության համար: Իհարկե, մենք շատ ծանր պատերազմի միջով ենք անցել, շատ ծանր ապրումներ ունենք այդ ամենի կապակցությամբ, մեծ թվով զոհեր ենք ունեցել, և շատ բարդ իրադրություն է գոյացել: Եվ այս այցը շատ կարևոր է առկա մարտահրավերներին դիմակայելու և նաև ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով: Մեր քննարկումները և օրակարգը նաև տնտեսական, մարդասիրական ասպեկտներ ունեն, և խնդրում եմ իմ երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ մեր խոսակցության և պայմանավորվածությունների այսպիսի արագ արձագանքի համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայի գանձապետարանից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից, և այցը շարունակությունն է ՀՀ վարչապետի՝ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած համաձայնության և քննարկումների: «Մեր նախագահի համար շատ կարևոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, և դրանով էր պայմանավորված բարեգործական օժանդակություն տրամադրող մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, որոնք մի քանի տոննա բեռ փոխադրեցին շնորհիվ տարբեր բարեգործական ասոցիացիաների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միացյալ ջանքերի, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության մասին: Հրատապությունից հետո այժմ, ինչպես Դուք նշեցիք, կարևորվում են նաև տնտեսական ծրագրերը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, և այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մի շաբաթ ի վեր ինտենսիվ հանդիպումներ են ունենում ճյուղային գերատեսչություններում»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական գործընկերության օրակարգին: Կողմերը հեռանկարային են համարել տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային նորարարությունների, հանրային հատվածի թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման ուղղությամբ փոխգործակցությունը: Այս առումով վարչապետն առաջարկել է դիտարկել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև գործընկերության զարգացման հնարավորությունը, ինչի հետ ֆրանսիական կողմը համակարծիք է եղել:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև կրթական համագործակցության ընդլայնման մասին, որի հաջող օրինակներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ ֆրանսիական կողմը՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ևս կարևորում է բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցությունը և հետաքրքրական է համարում այս ուղղությամբ աշխատանքի շարունակումը: Մտքեր են փոխանակվել ակադեմիական ավանի հեռանկարների շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:

Related posts

Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ

Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների և արդյունքում տուժում են երեխաները