Վարչապետն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով Վրաստանի ՍԴ ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ արդեն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով կառավարման համակարգերի ընդհանրությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Մերաբ Տուրավան նշել է, որ Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է՝ ի վկայություն այն բանի, թե որքան է Վրաստանը կարևորում Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի զարգացումը: Նա արդյունավետ է գնահատել հայ գործընկերների հետ քննարկումները և ամուր համագործակցությունը և ընդգծել, որ հայ-վրացական կապերի՝ վերջին շրջանի դինամիկան լավ հիմք է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար:

Հանդիպմանն արծարծվել են խորհրդարանական կառավարմանը և դրա ժողովրդավարական նշանակությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում և Վրաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման ընթացքի և առանձնահատկությունների շուրջ: Վրաստանի ՍԴ նախագահը նշել է, որ Վրաստանում ոգևորիչ են համարում և բարձր գնահատում Նիկոլ Փաշինյանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել