Վարչապետն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,

Ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և չնայած դրան՝ առավել դինամիկ շփումների կարիք կա, քանի որ մեր օրակարգն այնքան հագեցած է, որ ոչ միշտ է հաջողվում սպառել բոլոր հարցերը:

Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր: Ինձ համար մշտապես հաճելի է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ՝ քննարկելու այդ բոլոր հարցերը: Բարի գալուստ»:

Ռուսաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Շատ շնորհակալ եմ: Ինձ նույնպես շատ հաճելի է հանդիպել Ձեզ հետ, քննարկել մեր երկկողմ օրակարգի հարցերը: Ցանկանում եմ առաջին հերթին նշել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների ռազմավարական բնույթը: Իհարկե, դրանք հարաբերություններ են, որոնք ներկայիս տեսքով կառուցվում են վերջին 30 տարվա ընթացքում, իսկ իրականում բազմադարյա պատմություն ունեն, և մեկ անգամ չէ, որ բախվել են տարբեր մարտահրավերների՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերը, գլոբալ առևտրատնտեսական համակարգի փոփոխությունները:

Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում