ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանը ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր առաջնահերթ աշխատանքն է համարում հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն ու դրան նպաստելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանն այս մասին ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:
«Կարծում եմ, որ իմ առաջնահերթ նպատակը, նաև ամբողջ աշխատանքային համատեքստը, որ պատկերացնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, հենց հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն ու դրան նպաստելն է»,-ասաց թեկնածուն:
Նա համոզված է, որ առանց նման մթնոլորտի անհնար է ուղղակի ունենալ մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմ:
«Ակնհայտ է, որ մենք ունենք լուրջ խնդիրներ: Եվ այն մեծ խնդիրները, որոնք օբյեկտիվորեն տեսնում ենք, բոլորը բխում են այդ հիմնական խնդիրներից: Հետևաբար իմ հիմնական առաքելությանը նպաստող ամենամեծ գործիքակազմը լինելու է հենց հանրային հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, որովհետև հենց այս հանգամանքն է ընկած մարդու իրավունքների պաշտպանության մնացյալ բոլոր խնդիրների հիմքում»,-ասաց Մանասյանը:
Նա ընդգծեց՝ ՄԻՊ գործառույթը չի տեսնում պարզապես ինչ-որ խնդիրներ արձանագրելու և դրա մասին հայտարարություններ հրապարակելու համատեքստում: «Բոլորիս տեսանկյունից պետք է կարևոր լինի արձանագրված խնդիրների համար հարգանքի, համագործակցության ոլորտում լուծումներ գտնելը»,-նշեց թեկնածուն:
Մանասյանը շեշտեց՝ Մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունն ու կերպարը չի տեսնում ընդդիմադիր, իշխանական քաղաքական գործչի համատեքստում: «Սա այն պաշտոնն է, որը զբաղեցնող անձը պետք է պատրաստ լինի ստանձնել այն բարձր պատասխանատվությունը, որն իրականում շատ բարձր բարեվարքության չափանիշներ է ենթադրում»,-ասաց թեկնածուն: