Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին:

Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ Կառավարության առաջնահերթությունն է, և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակոռուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա իրականացումը, ակտիվ գործակցությունը, փորձի փոխանակությունն ու կարողությունների զարգացումը:

Ռիչարդ Նեֆյուն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: Պետքարտուղարության կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողի խոսքով՝ ԱՄՆ-ն բարձր է գնահատում վերոնշյալ ուղղություններով ՀՀ Կառավարության իրականացրած քայլերը: Ռիչարդ Նեֆյուն հավելել է, որ երևանյան այցի շրջանակում արդյունավետ քննարկումներ է ունեցել հայ գործընկերների հետ՝ հետագա փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թվայնացման գործընթացում, ինչպես նաև այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան