Վարչապետը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։

ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։

Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։

Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։

Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը և վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին:

Related posts

Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Երեխայի լավագույն շահից բխող որդեգրման համակարգի ձևավորումը կնպաստի նաև որդեգրել ցանկացող անձանց սպասման ժամկետների կրճատմանը

Volkswagen-ի եռամսյակային վնասները հասել են գրեթե 6 միլիարդ եվրոյի