Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։

Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի համատեղ մամուլի ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ծաղկեպսակ կզետեղի Լիտվայի անկախության համար զոհվածների հուշակոթողին։ Նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետը կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև՝ կծանոթանա լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։

Նիկոլ Փաշինյանը Կաունաս քաղաքում ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։

Related posts

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց. ՄԻՊ

ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու ցանկացած փորձից

Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում