Վարչապետը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի համայնքներում և ծանոթացել պետական ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Երկրի վարչապետը, Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալուց հետո, եղել է մարզի մի շարք համայնքներում, ծանոթացել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Վարչապետի շրջայցը մեկնարկել է Աշտարակ համայնքի Օհանավան և Արտաշավան բնակավայրերից: Օհանավան բնակավայրում վարչապետը ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի շինարարության ընթացքին. կրթօջախը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։

Ծրագիրը մեկնարկել է 2021թ․հունվարին և նախատեսվում է ավարտին հասցնել 2023թ. սեպտեմբերին։

Իսկ Արտաշավան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել տեղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 190 մլն ՀՀ դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը 70 տոկոս է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի:

Աշտարակից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Թալին համայնք, որտեղ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է համայնքային բժշկական կենտրոնը: Շրջայցի ընթացքում նշվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024թ.: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ է:

Վարչապետն այցելել է նաև Թալին քաղաքի նորակառույց կենտրոնական պուրակ, որը կառուցվել է 2022թ.՝ սուբվենցիոն ծրագրով: Ավելի քան 37 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը պետբյուջեից համաֆինանսավորվում է 35 տոկոսով: Նիկոլ Փաշինյանը շրջել է պուրակով, զրուցել Թալինի բնակիչների հետ և շնորհավորել նրանց գեղեցիկ այգու բացման առիթով:

Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գառնահովիտ և Լուսակն գյուղական բնակավայրերն էին, որտեղ կառուցվում են միջնակարգ դպրոցների մոդուլային տիպի շենքեր՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում: Պատասխանատուների խոսքով՝ 2 դպրոցի պարագայում էլ աշխատանքները մեկնարկել են 2020թ., ավարտը նախատեսվում է 2023թ. տարեվերջին: Գառնահովիտի դպրոցի ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 700 մլն ՀՀ դրամ է, Լուսակնինը՝ մոտ 650 մլն ՀՀ դրամ:

Կառավարության ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը և կրթօջախների՝ անհրաժեշտ գույքով ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքները համայնքային կենտրոններ դառնալու ներուժ ունեն և հանձնարարել է ուսումնասիրել այդ առումով առկա հնարավորությունները:

ՀՀ վարչապետը Արագածոտնի մարզի Զովասար և Կարմրաշեն բնակավայրերում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդների հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին:

Վարչապետը ծանոթացել է նաև Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածի ընթացիկ վիճակին, որը բարեկարգվել է «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում: Շուրջ 952 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրով ասֆալտապատվել է 9.5 կմ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել ճանապարհային գծանշումների թարմացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումն ու սպասարկումը:

Կառավարության ղեկավարի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի վերջին կանգառը Արագածավան բնակավայրն էր, որտեղ նա ծանոթացել է 2020թ. հիմնված սպանդանոցի գործունեությանը: Նշվել է, որ ներդրման ծավալը կազմում է 70 մլն ՀՀ դրամ, ներկայացվել են խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթի համար ստեղծված պայմանները և ենթակառուցվածքի կարողությունները:

Related posts

Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա