Վարչապետը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաև Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում: Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, ավիահաղորդակցության և այլ ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու և խորացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին` խոսելով ընթացիկ միտումների և ցուցանիշների մասին: Վարչապետը նշել է, որ 2022թ. արձանագրվել է 12.5 տոկոս տնտեսական աճ, 2018թ. ի վեր ստեղծվել է 156 000 նոր աշխատատեղ, պետական բյուջեի մուտքերն ավելացել են 1,8 մլրդ դոլարով: Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 11-րդ տեղը, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերացվել է մենաշնորհը, այժմ բարեփոխումներ են իրականացվում տնտեսության ոլորտում, մասնավորապես, գյուղատնտեսության արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ուղղություններով: Հայաստանի` նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը եվրասիական տարածաշրջանում լավագույններից մեկն է, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, թեպետ առկա ներուժն ավելի բարձր աճ ապահովելու հնարավորություններ է ստեղծում: Վարչապետի խոսքով` միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի, ինչը ևս տնտեսական միջավայրի լավարկման մասին է վկայում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հարկային և մաքսային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գերմանական և ընդհանրապես եվրոպական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ` հավելելով, որ երկրում իրականացվում են խոշորամասշտաբ ծրագրեր ճանապարհաշինության, ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով, որտեղ համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ընկերությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն