Վանաձորի 27-ամյա բնակիչը բողոքի ակցիաներին մասնակցելու համար համաքաղաքացիներին նյութապես շահագրգռել է. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27–ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում “Տավուշը հանուն հայրենիքի” նախաձեռնության կողմից կազմակերպվող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Մասնավորապես, հիշյալ քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրելով սնունդ և 3000-ական ՀՀ դրամ՝ 27–ամյա երիտասարդը տարբեր օրերի միկրոավտոբուսներով և մարդատար ավտոմեքենայով փոխադրել է նրանց Երևան քաղաք, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզեր, որտեղ նրանք մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացված հավաքներին, ինչպես նաև ճանապարհների փակման ակցիային:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են