Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը՝ վերջին 65 տարվա ամենացածր ցուցանիշով

Այսօր պաշտոնապես դադարեցվել է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը։ Այս նպատակով Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության և «Ջրառ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել է «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։

«Սևան» ՀԷԿ-ի շարժաբերներն ապակնքվել էին հուլիսի 2-ին, և նույն օրը մեկնարկել էր Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը։

Հատկանշական է, որ 2026 թվականի ոռոգման շրջանն ավարտվել է Սևանա լճից ջրառի՝ վերջին 65 տարվա ամենացածր ցուցանիշով՝ ընդամենը 75.3 մլն խմ։ Ի համեմատություն՝ 2025 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել էր 180.1 մլն խմ ջրառ։

Միաժամանակ, 2026 թվականին «Արփա-Սևան» համակարգով Սևանա լիճ է տեղափոխվել 183.5 մլն խմ ջուր, որը 2025 թվականի համեմատ 73.5 մլն խմ-ով ավելի է։ Արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով։

Սևանա լճից ջրառի նվազման ցուցանիշն առավել ընդգծվում է նախորդ տարիների համեմատությամբ։ Մասնավորապես, 2006, 2007, 2010 և 2011 թվականներին, երբ Հայաստանում հիմնական ջրամբարների լցվածությունը համադրելի էր ընթացիկ տարվա ցուցանիշներին, Սևանա լճից ջրառը տատանվել է 152-170 մլն խմ միջակայքում։

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել