«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Զեկուցողը նշել է, որ կոնվենցիան ընդունվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին և ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 2-ին: Փաստաթղթի ընդունումը պայմանավորված է ստորջրյա մշակութային ժառանգության՝ որպես մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անբաժանելի մասի պահպանության անհրաժեշտությամբ:
Ստորջրյա մշակութային ժառանգությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների, քաղաքակրթությունների և պատմական գործընթացների ուսումնասիրության համար, քանի որ այն ներառում է մարդկային գործունեության այնպիսի նյութական մնացորդներ, որոնք երկար ժամանակ պահպանվել են ջրային միջավայրում:
Կոնվենցիայի նպատակն է ապահովել և ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը:
Ստորջրյա մշակութային ժառանգություն են համարվում մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ, մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են ջրի տակ:
Ըստ կոնվենցիայի՝ մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակով եղած լավագույն գործնական միջոցները:
Կոնվենցիայի համաձայն՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը չպետք է ենթարկվի առևտրային շահագործման, վաճառքի կամ մասնատման և ուսումնասիրությունն ու օգտագործումը պետք է բխի գիտական, կրթական, մշակութային և հանրային շահից:
Նախարարը նշել է, որ Հայաստանի համար ևս ստորջրյա մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր խնդիր է: Ոլորտի մասնագետների գնահատմամբ Սևանա լճում և ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր:
Նախարարը կարևորել է Հայաստանի՝ կոնվենցիային միանալու հարցը:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում և ստացել դրական եզրակացություն: