Ստորագրվել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։
Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։

Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։

Related posts

Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է