Սուրեն Պապիկյանը Կանզասի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած` գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իր հերթին տիկին Լորա Քելլին շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին Կանզաս այցելելու համար և վերահաստատել իր պատրաստակամությունը գործադրել առավելագույն ջանք` տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը Լորա Քելլիին հրավիրել է այցելել Հայաստան։

Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի, Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են